Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Եթե տեր չկանգնենք, տեր միշտ էլ կգտնվի

Եթե տեր չկանգնենք, տեր միշտ էլ կգտնվի
27.01.2024 | 13:51

Երեսուն և ավելի տարի եղավ, ինչ Սովետը չկա՝ հասուն մարդու մի ամբողջ կյանք։ Արդեն հավատս էլ չի գալիս, որ կար ժամանակ, երբ «Հայաստանի Հանրապետություն» գրելն արգելված էր։ Ավելի շուտ՝ կարելի էր գրել, բայց միայն պատմության դասագրքերում՝ որպես հայ ժողովրդի կարճատև սխալ կամ մեղք։

Եթե էդ տարիներին, հանկարծ, հրաշքով, կարելի դառնար, մենք չէինք կրճատի ու գրի ՀՀ, այլ միշտ լրիվ կգրեինք, ինչպես սիրած աղջկա անունը չես ուզում կրճատել, ուզում ես միշտ լրիվ ասել, որ վայելես։ Ու հայոց բանակին էլ ԶՈՒ չէինք ասի, որովհետև հայոց բանակ կարելի էր միայն երազում տեսնել՝ երկու քաղաքականապես գրագետ երազների արանքում, որ հանկարծ արթնանալուց հետո չհիշեինք։ Էլ չեմ ասում՝ եռագույնը. եթե ինչ-որ մեկը գիտեր էլ, որ գույները նման հաջորդականություն ունենում են, դրա մասին միայն զեկերին կարող էր պատմել։ Մեր դրոշր կարմիր-կապույտ-կարմիր էր․․․

Բայց հետո էդ ամենը կարելի դարձավ։ Դա հրաշք էր, իսկական հրաշք, բայց մենք չհավատացինք հրաշքին ու դա ընդունեցինք որպես պատմական պարտքի մասնակի հատուցում բազմաչարչար ժողովրդին։ Դրանից հրաշքը նեղացավ ու սկսեց կամաց-կամաց ցնդել։ Հիմա էդ հրաշքից համարյա բան չի մնացել։ Եթե ուզում ենք գոնե եղածը պահպանել, պիտի հավատանք հրաշքին։

Պիտի հավատանք, որ հայրենիք ունենք, որից շատ ուրիշ ազգեր զրկված են, սեփական լեզու, գիր ու գրականություն ունենք, որը շատ ուրիշներ չունեն, գոնե դե յուրե ազատություն ունենք, որին կարոտ են շատ ազգեր, ունենք մայրաքաղաք, սեփական լիճ, սեփական գետեր, լեռներ ու ձորեր։ Էդ բոլորը մերն ա։ Դեռ մերն ա, բայց էդ հարստությունը շատերի աչքն ա ծակում։ Եթե տեր չկանգնենք, ատամներով չպաշտպանենք, չծաղկացնենք, տեր միշտ էլ կգտնվի, ծաղկացնող կգտնվի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6156

Մեկնաբանություններ